Հետևեք ձեր ցիկլին
Տեղի ունեցող հորմոնային համակարգի փոփոխությունների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար հետևեք ձեր դաշտանային ցիկլերին և ամեն տեսակի ախտանիշներին:
Առաջին հերթին հոգ տարեք ձեր մասին
Ինքներդ ձեր մասին հոգ տանելով կօգնեք ձեր մարմնին հաղթահարել հորմոնային տատանումներից առաջացող անցումային շրջանի սթրեսը։
Եթե շարունակում եք ձեզ վատ զգալ՝ դիմեք համապատասխան բուժհաստատություն և մտածեք այլ միջոցների մասին։
Բժիշկների խորհրդով գործելը
Կան տարբեր որակավորում ունեցող բժիշկ-մասնագետներ, որոնք կարող են այս շրջանում աշխատել ձեր վիճակը բարելավելու ուղղությամբ։ Այս հղումով մենք տալիս ենք մի ուղեցույց, որը կօգնի ձեզ համար անհրաժեշտ բժշկին գտնել և համապատասխան միջոցներ ընտրել։
Բժիշկների խորհրդով գործելը
Սննդային հավելումներ
Շուրջդաշտանադադարի ժամանակաշրջանում գտնվող կանանց համար բազմաթիվ սննդային հավելումներ են վաճառվում։ Որոշ փորձագետներ գտնում են, որ մենք սննդից բավարար քանակությամբ սննդանյութեր չենք ստանում և մեր մարմնին աջակցելու համար կարևորում են անցումային ժամանակաշրջանում սննդային հավելումների օգտագործումը: Մյուսներն էլ կարծում են, որ դա փողի անիմաստ վատնում է, որ դրանք գնելով մենք օգուտ ենք տալիս միայն հավելումներ արտադրողների գրպաններին։ Վիտամինների և միկրոէլեմենտների մակարդակը գնահատելու համար ձեզ կարող են օգնել ֆունկցիոնալ բժշկության և բնաբուժության որոշ մասնագետներ։ Բացի այդ, համացանցում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնք տեղեկատվություն են տրամադրում առանձին սննդային հավելումների վերաբերյալ, բացատրելով, թե ինչ ախտանիշների դեպքում դրանք կարող են օգնել և ինչպես պահպանել անվտանգության կանոնները:
Հորմոնային թերապիա
Դաշտանադադարի ախտանիշները կարգավորելու համար փորձել հորմոնային թերապիա (ՀԹ), թե ոչ՝ դա ձեր անձնական որոշումն է, որը պետք է կայացնել բանիմաց մասնագետի հետ քննարկելուց հետո: Պետք է ուշադիր կշռադատել, թե ինչ աստիճանի ազդեցություն են թողնում այդ ախտանիշները ձեր կյանքի որակի վրա և հաշվի առնել ձեր անհատական ռիսկի գործոնները։
ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) թույլ է տվել կիրառել հորմոնային թերապիան հետևյալ չորս դեպքերում. 1) երբ կնոջ ձվարանները դադարել են գործել մինչև 40 տարեկան դառնալը և դաշտանադադար է տեղի ունեցել, 2) երբ կինն ունի գիշերային քրտնարտադրություն/ջերմահորդանքներ (վազոմոտոր ախտանիշներ) կամ 3) հեշտոցային փոփոխություններ/չորություն (միզասեռական ախտանիշներ), ինչպես նաև 4) ոսկրային զանգվածի նոսրացումը կանխարգելման նպատակով: Վաղաժամ դաշտանադադարը, սովորաբար պայմանավորված է լինում վիրաբուժական միջամտությամբ, սակայն, որոշ կանանց մոտ այն կարող է առաջանալ բնական գործընթացների պատճառով։