Scroll Top

Հետևեք ձեր դաշտանային ցիկլին և ախտանիշներին

Ձեր դաշտանային ցիկլին հետևելով, կկարողանաք ժամանակին նկատել տեղի ունեցած փոփոխությունները: Ցիկլերի տևողության, այսինքն դաշտանների միջև ընդմիջման փոքր-ինչ կրճատումը՝ հորմոնային փոփոխությունների մեկնարկի առաջին նշանն է:
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Ծանոթագրություն. եթե բեղմնականխիչ հաբեր եք օգտագործում կամ պրոգեստին պարունակող պարույր եք կրում, կամ էլ եթե ձեր ներքին սեռական օրգանները հեռացված են, ապա դաշտանային ցիկլին հետևելը անիմաստ է դառնում։ Սակայն, անգամ նման դեպքերում, ձեր ախտանիշների գրանցումը կօգնի ձեզ շատ բան հասկանալ ձեզ հետ կատարվող փոփոխությունների մասին:

Ինչպե՞ս հետևել

Ձեր ցիկլին հետևելու ամենապարզ եղանակը՝ օրացույցում յուրաքանչյուր դաշտանի առաջին օրվա ամսաթվի նշումն է։ Սա հնարավորություն կտա հաշվարկելու դաշտանների միջև ընդմիջման տևողությունը (տե՛ս ստորև): Ինչպես արդեն նշել էինք, հորմոնային համակարգի փոփոխությունների առաջին նշանը՝ դաշտանների միջև ընդմիջման տևողության կրճատումն է։ Դուք կարող եք հետևել ձեր դաշտանային ցիկլերին նաև առցանց՝ ձեզ համար հասանելի բազմաթիվ ծրագրային հավելվածերից որևէ մեկի միջոցով: Դրանցից շատերը ներառում են նաև ախտանիշներին հետևելու տարբերակներ: Կարող եք նշումներ կատարել նաև ձեր հեռախոսում կամ նոթատետրում։ Իսկ գիտականորեն ապացուցված մոտեցումներով ուսումնասիրություն կատարելու ցանկացողներին Բրիտանական Կոլումբիայի համալսարանի Դաշտանային ցիկլի և օվուլյացիայի հետազոտությունների կենտրոնը (CeMCOR) առաջարկում է օգտվել իրենց կողմից մշակված Դաշտանադադարի ամենօրյա օրագրից և ցուցումներից:

Ինչի՞ն է պետք հետևել և ինչ նշել։

Օր առաջին` նշեք դաշտան սկսվելու ամսաթիվը։

Ցիկլի տևողությունը` նշեք քանի օր է ընդամենը անցել դաշտանային ցիկլի առաջին օրվանից մինչև հաջորդ ցիկլի առաջին օրը:

Ախտանիշ` նշեք ձեր ախտանիշները։

Ժամանակացույց` նշեք ձեր ցիկլի այն օրերը երբ ախտանիշներ են հայտնվում:

Պտղաբերությունը շուրջդաշտանադադարի շրջանում

Ոմանք հետևում են իրենց դաշտանային ցիկլին, քանի որ փորձում են հղիանալ։ Այժմ տեղին կլինի հիշեցնել, որ հղիությունը շուրջդաշտանադադարի շրջանում դեռևս հնարավոր է:

Որոշ կանանց համար դա ուրախալի նորություն է: Եթե դուք նույնպես նրանց շարքում եք, ապա կարդացեք այս հոդվածը, որտեղ Դաշտանային ցիկլի և օվուլյացիայի հետազոտությունների կենտրոնը հանգամանորեն քննարկում է ձվազատման և պտղաբերության կենսաբանական գործընթացները։ Իսկ եթե հղիանալու ցանկություն չունեք, ապա անպայման որևէ բեղմնականխիչ միջոց օգտագործեք:

Փորձեք հետևել ձեր մարմնի ջերմաստիճանին

Ձեր մարմնի ջերմաստիճանը կարող է կարևոր բաներ հուշել ձեր ամսական ցիկլերի վերաբերյալ:

Օրվա ամենացածր ջերմաստիճանը՝ մարմնի բազալ կամ հիմքային ջերմաստիճան է կոչվում (ՄՀՋ)։ Սովորաբար, այն նվազում է, երբ քնած եք և ամբողջովին հանգիստ վիճակում եք գտնվում։ ՄՀՋ-ն հասնում է ամենացածր աստիճանի արթնանալուց մոտավորապես երկու ժամ առաջ, ինչը դժվարեցնում է ճշգրիտ չափագրումը։ ՄՀՋ-ն լավագույնս գրանցվում է առավոտյան, անմիջապես արթնանալուց հետո, երբ դեռ հանգիստ պառկած եք անկողնում և չեք տեղաշարժվել։

Արդյունքների մեկնաբանությունը հեշտացնելու համար Դաշտանային ցիկլի և օվուլյացիայի հետազոտությունների կենտրոնը մշակել է քանակական հիմքային ջերմաչափման մեթոդ (ՔՀՋ)։ Այս մեթոդով դուք գրանցում եք ձեր ամենօրյա հիմքային ջերմաստիճանը և կարողանում եք որոշել, ձվազատում տեղի է ունեցել, թե՝ ոչ։ Ձվազատման ցուցանիշ է համարվում հիմքային ջերմաստիճանի կտրուկ աճը՝ 10 օրվա միջին ջերմաստիճանի համեմատությամբ:

Այս հղումով կարող եք տեսնել առաջարկվող մեթոդի մանրամասն բացատրությունը և հրահանգները: