Scroll Top

Մեր մասին

Մեր առաքելությունն է ուսուցանել կանանց դաշտանադադարին նախորդող երկարատև տարիների մասին:

Մեր առանձնահատուկ նպատակն է իրազեկել կանանց անցումային շրջանի ամենավաղ այն փուլի մասին, երբ դաշտանները դեռևս կանոնավոր են, բայց հորմոնային փոփոխությունները կարող են որոշ կանանց մոտ ախտանիշներ առաջացնել:

Մեր կայքի հիմնադրման պատմությունը

Մենք ստեղծեցինք այս կայքը, քանի որ համացանցից չկարողացանք գտնել սպառողի համար բարյացակամ տեղեկատվական աղբյուր, որտեղից հնարավոր կլիներ հասկանալ, թե ինչ է կատարվում մեզ հետ անցումային շրջանում, ինչն է մեր ախտանիշների պատճառը և ինչ կարելի է անել ինքնազգացողությունը բարելավելու համար: Այն տեղեկատվական աղբյուրները, որոնք մենք կարողացանք գտնել, պարզապես գովազդում էին իրենց արտադրանքը կամ ծրագիրը, կամ էլ ցանկանում էին, որ մենք սեռապես ավելի գրավիչ դառնանք։ Մեզ պետք էր ունենալ մի կայք, որը կբացատրեր, թե ինչ է կատարվում մեզ հետ անցումային շրջանում, կպարզաբաներ, որ մոտավորապես 40 տարեկանում հորմոնային փոփոխություններ են սկսվում, որ ախտանիշներն ավելի հաճախ կապված են լինում էստրոգենի մակարդակի բարձրացման, այլ ոչ թե նվազեցման հետ։ Մենք հույս ունեինք, որ միգուցե այս կայքը նաև կարծիքներ արտահայտելու հնարավորություն կտա, մասնավորապես՝ բուժօգնություն տրամադրողների կողմից մեր փորձը անտեսելու վերաբերյալ։

Բազմաթիվ կանայք 40-50 տարեկանում բախվում են այնպիսի ախտանիշների հետ, ինչպիսիք են անհանգիստ քունը, դյուրագրգռությունը, տրամադրության անկումը կամ տատանումները, տագնապը, գլխացավերը՝ չգիտակցելով, որ դրանք կարող են պայմանավորված լինել հորմոնային փոփոխությունների հետ: Նման դեպքերում հեշտ է ենթադրել, որ ձեր կյանքում կամ ձեր հարաբերություններում ինչ-որ մի սխալ բան է տեղի ունեցել, մինչդեռ իրականում պատճառը կարող է թաքնված լինել հորմոնային փոփոխությունների մեջ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք շատ բան իմացանք անցումային շրջանի մասին և այդ գիտելիքների շնորհիվ կարողացանք բարելավել մեր ինքնազգացողությունը: Հուսով ենք, որ այս կայքը ուսումնասիրելուց հետո դուք էլ ինչ-որ նոր բան կսովորեք և այդ գիտելիքների կիրառման արդյունքում ձեզ ավելի լավ կզգաք:

Մեր տեսլականը․

Յուրաքանչյուր կին 35-ից 40 տարեկան հասակում կստանա ուղեցույց դաշտանադադարի անցումային շրջանի ակնկալիքների մասին։

Մեր համոզմունքը․

Կանանց պետք է կրթել իրենց մարմնում ողջ կյանքի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների մասին։

Ճիշտ այնպես, ինչպես երիտասարդ աղջիկներին են սովորեցնում, թե ինչ ակնկալել վերարտադրողական տարիներին, կանայք պետք է տեղեկատվություն ստանան նաև այն մասին, թե ինչ ակնկալել, երբ ավարտվում են այդ տարիները, հատկապես այն հորմոնային փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող են ախտանիշների պատճառ դառնալ։

Կանայք պետք է հասկանան, թե ինչ է հայտնի դաշտանադադարի անցումային շրջանի մասին և ինչը դեռևս գիտականորեն պարզաբանված չէ:

Գիտահետազոտական աշխատանքներ կանանց առողջության ոլորտում համեմատաբար նոր են իրականացվում, բացառությամբ՝ գինեկոլոգիական հիվանդությունների և բեղմնականխիչների օգտագործման հարցերի շուրջ։ Հավասարապես կարևոր է հստակեցնել, թե որ հարցերը դեռևս չէն պարզաբանվել։

Տեղեկացվելուց հետո կանայք կընկալեն որոշ ախտանիշները որպես բնականոն երևույթ, կհաշտվեն դրանց հետ և ավելի քիչ կմտահոգվեն:

Հուսով ենք, որ այս անցումային շրջանի և դրա հետ կապված բոլոր երևույթների կարգավորումը կվերածվի կանանց համար սթրեսի նվազեցման գործընթացի։ Դա իր հերթին կխնայի կանանց ժամանակը՝ տեղեկատվություն փնտրելու և առողջապահական ոլորտի մասնագետներին այցելելու առումով: Իսկ եթե այդ ամենը իրականություն դառնա, ապա ողջ առողջապահական համակարգի ծախսերը կկրճատվեն:

Հորմոնային համակարգի փոփոխման այս շրջանում կանայք հնարավորություն ունեն կատարելու գալիք տասնամյակներում օգտակար ապրելակերպի փոփոխություններ։

Եթե 40-45 տարեկան կանայք ընկալեն իրենց վերարտադրողական կարգավիճակի փոփոխությունը որպես մտքի և մարմնի վերագնահատման, նաև սնվելու, խմիչք օգտագործելու և քնելու սովորույթների վերանայման հնարավորություն, ապա նրանք կկարողանան կանխարգելել բազմաթիվ քրոնիկական հիվանդություններ, որոնք հաճախ ուղեկցում են կանանց կյանքի երկրորդ կիսամյակում: