Scroll Top

Հորմոններ (101)` Էստրոգեն և պրոգեստերոն

Շուրջդաշտանադադարի շրջանում փոխվում են էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակները։ Հորմոնային համակարգի փոփոխությունները տեղի են ունենում ձվարաններում պարունակվող ձվաբջիջների քանակի նվազման պատճառով։
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Ի՞նչ է հորմոնը

Հորմոնը կենդանի բջիջների կողմից արտադրվող կենսաքիմիական միացություն է, որը շրջանառվում է մարմնի հեղուկներում, օրինակ`արյան մեջ։ Այն ունի յուրահատուկ, հաճախ խթանող ազդեցություն այլ բջիջների գործունեության վրա, որոնք սովորաբար իր ծագման կետից բավականին հեռու են գտնվում (1):

Հորմոնները գործում են մեր ողջ օրգանիզմում, անգամ ձվարաններից բավականին հեռու գտնվող մարմնի մասերում:

Մենք ապշեցինք, երբ իմացանք, թե մարմնի որքան շատ մասերում գոյություն ունեն էստրոգեն և պրոգեստերոն հորմոններն ընկալող ակտիվ ռեցեպտորներ (ներբջջային ընկալիչներ): Զարմանալի չէ, որ երբ հորմոնների մակարդակը սկսում է տատանվել, առաջանում են այնքան բազմաբնույթ ախտանիշներ, որ մենք մեզ լրիվ ջախջախված ենք գգում։

Ծանոթացեք կնոջ հորմոնային գծապատկերի հետ

Դաշտանային ցիկլը կարգավորվում է էստրոգեն, պրոգեստերոն, ՖԽՀ և ԼՀ հորմոնների կողմից:

Որտե՞ղ է այն արտադրվում:
Հիմնականում՝ ձվարաններում, բայց նաև մակերիկամներում և ճարպային հյուսվածքում:

Որտե՞ղ է այն գործում:
Էստրոգենային ռեցեպտորները տարածված են մարմնի ավելի քան 400 տարբեր տեսակի հյուսվածքներում։ Դրանով է պայմանավորված, որ էստրոգենի մակարդակի իջեցումը կամ բարձրացումը կարող է զգալի հետևանքներ թողնել։ Այդ ռեցեպտորները տեղակայված են գլխուղեղում, մկաններում, աղիներում, արգանդում, ձվարաններում, հեշտոցում, կրծքագեղձերում, աչքերում, սրտում, թոքերում և արյան անոթների հյուսվածքներում:

Ի՞նչ է այն անում:
Էստրոգենի գործառույթները շատ են, սակայն այն պետք է հիմնականում դիտարկվի որպես բազմաթիվ ռեցեպտորների վրա ազդող աճի խթանիչ։ Էստրոգենը նպաստում է կրծքագեղձերի հյուսվածքների և արգանդի լորձաթաղանթի ամենամսյա աճին, ապահովում է բավարար քանակությամբ ջրի պարունակությունը մաշկի մեջ և արագացնում է արյան շրջանառությունը: Շուրջդաշտանադադարի վերջին փուլում, երբ էստրոգենի քանակը բավարար չէ, կանանց մոտ առաջանում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են հեշտոցի և մաշկի չորությունը: Իսկ շուրջդաշտանադադարի վաղ փուլում, երբ էստրոգենի քանակը չափազանց շատ է, առաջանում են կրծքագեղձերի լարվածություն, գլխացավեր, նախադաշտանային կծկումներ որովայնի ստորին հատվածում և դաշտանը ավելի առատ է դառնում:

Որտե՞ղ է այն արտադրվում:
Արտադրվում է ձվարաններում այնքան ժամանակ, որքան կինը ձվազատում է ունենում: Իսկ դաշտանադադարից հետո փոքր քանակությամբ պրոգեստերոն արտադրվում է մակերիկամներում:

Որտե՞ղ է այն գործում:
Պրոգեստերոնային ռեցեպտորները լայնորեն տարածված են մարմնի բոլոր այն հյուսվածքներում, որտեղ կան էստրոգենային ռեցեպտորներ։ Գլխուղեղը, թոքերը, մաշկը, աչքերը, կրծքագեղձերը և ոսկորները՝ բոլորն էլ ունեն պրոգեստերոնային ռեցեպտորներ։

Ի՞նչ է այն անում
Պրոգեստերոնը երկու հիմնական դեր է կատարում՝ 1) յուրաքանչյուր ամիս ձվազատումից հետո այդ հորմոնը հաստացնում է էնդոմետրիալ ծածկույթը՝ նախապատրաստելով այն հավանական հղիությանը, 2) պրոգեստերոնը նաև սահմանափակում է էստրոգենի աճը խթանող ազդեցությունը և նպաստում է հասունացման գործընթացներին։ Յուրաքանչյուր ամիս, նորմալ դաշտանային ցիկլի ընթացքում, էստրոգենը խթանում է էնդոմետրիալ ծածկույթի աճը: Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, ապա պրոգեստերոնը ազդանշան է տալիս դադարեցնել էստրոգենի կողմից էնդոմետրիումի հետագա աճի խթանումը, որի արդյունքում դաշտան է սկսվում։ Դրանից բացի, պրոգեստերոնի շնորհիվ դադարում է լորձի արտադրությունը արգանդի պարանոցում, ի տարբերություն էստրոգենի, որը շատացնում է լորձը, ուժեղացնելով ձվաբջջին հասնելու սերմնաբջիջների ունակությունը։ Կարծիք կա նաև, որ պրոգեստերոնը հանգստացնում է մեր նյարդային համակարգը, մինչդեռ էստրոգենը գրգռիչ ազդեցություն ունի գլխուղեղի վրա։ Չափից ավելի էստրոգենի քանակությունը կարող է անհանգստացնել մեզ կամ դյուրագրգիռ դարձնել: Ամփոփելով այս ամենը, կարելի է ասել, որ էստրոգենի ազդեցության ներքո բջիջները աճում են, իսկ պրոգեստերոնի շնորհիվ նրանք հասունանում են և սկսում լիարժեք գործել։

Որտե՞ղ է այն արտադրվում:
Ֆոլիկուլխթանիչ հորմոնը (ՖԽՀ) արտազատվում է գլխուղեղի մեջ տեղակայված հիպոֆիզի առաջնային բլթից, որը էնդոկրին համակարգի մի մասն է կազմում։

Որտե՞ղ է այն գործում
Ձվարաններում:

Ի՞նչ է այն անում
Ֆոլիկուլխթանիչ հորմոնը, կամ ՖԽՀ-ն, խթանում է ֆոլիկուլների աճը ձվարաններում։ Այդ գործընթացը տեղի է ունենում դաշտանային ցիկլի առաջին կեսում, որը շատ տեղին է «ֆոլիկուլյար փուլ» անվանվում: Յուրաքանչյուր ամիս սովորաբար հասունանում է 3-30 ֆոլիկուլ։ Հասունացող յուրաքանչյուր բջիջ էստրոգեն հորմոն է արտադրում և արդյունքում էստրոգենի մակարդակը ցիկլի առաջին կեսում բարձրանում է:

Որտե՞ղ է այն արտադրվում:
Լյուտեինացնող հորմոնը, կամ ԼՀ-ը հայտնաբերվել է գլխուղեղի մեջ տեղակայված հիպոֆիզի առաջնային բլթում, որը էնդոկրին համակարգի մի մասն է կազմում։

Որտե՞ղ է այն գործում:
Ձվարաններում:

Ի՞նչ է այն անում:
Էստրոգենի կուտակումը զարգացող ֆոլիկուլներում խթանում է ԼՀ հորմոնի աճը: Դաշտանային ցիկլի կեսին ԼՀ-ի մակարդակը հասնում է գագաթնակետին, որի հետևանքով պատռվում է հասուն ֆոլիկուլը և տեղի է ունենում ձվազատում։ Իսկ պատռված ֆոլիկուլյար պարկում սկսվում է «դեղին մարմնի» զարգացումը։ Դեղին մարմինը՝ պրոգեստերոնի արտադրության հիմնական աղբյուրն է։ Դաշտանային ցիկլի երկրորդ փուլում այն սկսում է նաև էստրոգեն արտադրել:

Ծանոթագրություն. բոլոր երեք սեռական հորմոնները՝ էստրոգենը, պրոգեստերոնը և տեստոստերոնը, արտադրվում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մարմիններում, պարզապես տարբեր քանակով:

Հորմոնային համակարգի փոփոխությունները սկսվում են այն ժամանակ, երբ ձվարաններում մնացած ձվաբջիջների քանակը հասնում է որոշակի մակարդակի:

Մեզանից շատերը երբեք չեն խորհել ֆոլիկուլների (ձվաբջիջների) սկզբնական պաշարների և դրանց հետագա ողջ պատմության մասին, չեն մտածել, թե քանիսն ունեինք ձվարաններում կյանքի սկզբում, քանիսն են յուրաքանչյուր ամսում բնական ճանապարհով հասունանում կամ էլ ոչնչանում։ Պարզվում է, որ երբ ձվարաններում մնացած ձվաբջիջների պաշարը հասնում է որոշակի մակարդակի սկսում են փոխվել հորմոնային օրինաչափությունները:

Ձվաբջիջների պահուստային քանակը ողջ կյանքի ընթացքում (մոտավոր)

Իգական սեռի երեխան ծնվում է մոտ 1 միլիոն ձվաբջիջով (2):

Սեռական հասունության շրջանում նա ունի մոտ 500,000 ձվաբջիջ (3,5,6)։

35-40 տարեկանում կնոջ մոտ մնում է միջին հաշվով 10,000 – 50,000 ձվաբջիջ (3,5,6)։

Հորմոնային փոփոխությունները մեկնարկվում են ֆոլիկուլների (ձվաբջիջների) ցածր մակարդակի պատճառով, մոտավորապես 37.4 տարեկանում։

Հյուսիսային Ամերիկայի կանանց դաշտանադադարը տեղի է ունենում 51 տարեկանում (միջին տարիքը)։

REFERENCES

1. Block, E. A quantitative morphological investigation of the follicular system in newborn female infants. Acta Anat (Basel). 1953; 17(3):201-6.

2. Sonya M. Schuh-Huerta, Nicholas A. Johnson, Mitchell P. Rosen, Barbara Sternfeld, Marcelle I. Cedars, and Renee A. Reijo Pera. Genetic markers of ovarian follicle number and menopause in women of multiple ethnicities. Hum Genet. 2012 Nov; 131(11): 1709–1724. Published online 2012 Jun 13. doi: 10.1007/s00439-012-1184-0

3. Faddy MJ, Gosden RG, Gougeon A, Richardson SJ, and Nelson JF. Accelerated disappearance of ovarian follicles in mid-life: implications for forecasting menopause. Hum Reprod. 1992 Nov; 7(10):1342-6.

4. Hansen KR, Knowlton NS, Thyer AC, Charleston JS, Soules MR, Klein NA. A new model of reproductive aging: the decline in ovarian non-growing follicle number from birth to menopause. Hum Reprod. 2008 Mar; 23(3):699-708.

5. Richardson SJ, Senikas V, Nelson JF. Follicular depletion during the menopausal transition: evidence for accelerated loss and ultimate exhaustion. J Clin Endocrinol Metab. 1987 Dec; 65(6):1231-7.

6. Santoro N, Johnson J. Diagnosing the Onset of Menopause. JAMA. 2019 Aug 27;322(8):775-776.

SOURCES

Estrogen’s Storm Season: Stories of Perimenopause, Dr. Jerilynn Prior, 2005
Our Bodies, Ourselves: Menopause,
The Boston Women’s Health Collective, 2006
The Wisdom of Menopause,
Dr. Christiane Northrup, 2012
The Cleveland Clinic: The Female Reproductive System
The Normal Menstrual Cycle and the Control of Ovulation, Beverly G Reed, MD, and Bruce R Carr, MD
Women in Balance Institute
Merck Manual