Scroll Top

Հեշտոցի չորություն

Հեշտոցի չորությունը ախտանիշ է, որի հաղթահարման համար միջոցներ գոյություն ունեն, սակայն, կանայք հազվադեպ են քննարկում այդ խնդիրը իրենց բժշկի հետ:
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Ի՞նչ է հեշտոցի չորությունը

Հեշտոցի չորությունը, սովորաբար, սկսում է դրսևորվել հեշտոցի գրգռմամբ, քորով և ցավոտությամբ սեռական հարաբերության ժամանակ:

Նախկինում հեշտոցի չորությունը Վուլվովագինալ ատրոֆիա (ՎՎԱ) էին անվանում, իսկ այժմ այն ավելի լայն խմբի՝ Դաշտանադադարի միզասեռական համախտանիշի (ԴՄՀ) կազմում են դիտարկում (տե՛ս այս էջի մոխրագույն վանդակը): Հյուսիսային Ամերիկայի մենոպաուզայի միությունը (NAMS) 2020թ.-ին հրապարակել է իր դիրքորոշումը ԴՄՀ-ի վերաբերյալ, որտեղ նշված է հետևյալը․«Դաշտանադադարի միզասեռական համախտանիշը ազդեցություն է թողում հետդաշտանադադարային փուլում գտնվող կանանց 27-84%-ի վրա և կարող է էապես խաթարել նրանց առողջությունը, սեռական ֆունկցիան և կյանքի որակը: Թեև դրա ախտորոշումն ու բուժումը թերի են թվում, առանձին ախտանիշները շատերի մոտ կարող են արդյունավետ կերպով վերահսկվել»: Հոդվածի հղումը գտնվում է այս էջում՝ Ռեսուրսներ, փորձագետներ և նյութեր ուսումնասիրության համար բաժնում:

Հորմոնային հավանական պատճառներ

Հեշտոցի չորությունը սովորաբար սկսվում է նախադաշտանադադարի վերջին փուլում, երբ մոտենում է կնոջ վերջին դաշտանը և նվազում էստրոգենի մակարդակը:

Էստրոգենը ապահովում է հեշտոցային հյուսվածքների խոնավությունը, իսկ սեռական գրգռման ժամանակ նպաստում է հեշտոցի քսանյութի ավելացմանը: Քանի որ էստրոգենի մակարդակը վերջին դաշտանից հետո մի քանի տարի շարունակում է անկում ապրել, հեշտոցային ախտանիշները կարող են ժամանակի ընթացքում վատթարանալ։ Ուստի, այդ ախտանիշների առկայության դեպքում խոսեք ձեր բժշկի հետ:

Առաջարկվող միջոցներ

Գոյություն ունեն դեղամիջոցների երեք հիմնական խմբեր, որոնք կարող են պակասեցնել հեշտոցի չորութունը։ ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում առաջին երկու խմբերի դեղամիջոցները կարող եք գնել դեղատանը առանց դեղատոմսի, բայց երրորդ խմբի դեղամիջոցները գնելու համար դեղատոմս է պահանջվում:

ԽՈՆԱՎԵՑՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ․Դրանք ներծծվում են հեշտոցի հյուսվածքների մեջ և խոնավեցնում հեշտոցը, ինչն օգնում է բազմաթիվ կանանց ազատվել հեշտոցի ամենօրյա գրգռվածությունից և քորից: Մի փոքրածավալ կլինիկական ուսումնասիրության տվյալների համաձայն, խոնավեցնող միջոցների օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում՝ զգալիորեն բարելավելով հեշտոցի առաձգականությունը, խոնավեցման աստիճանը, հեշտոցային արտադրության ծավալը և էպիթելիալ հյուսվածքների ամբողջականությունը (1):

ԼՈՒԲՐԻԿԱՆՏՆԵՐ․ դրանք հեշտոցային քսայուղեր են, որոնք հեշտոցի հյուսվածքների մեջ չեն ներծծվում: Արտադրվում են յուղային լուծույթների և գելերի տեսքով։ Քսայուղերը օգտագործվում են սեռական հարաբերության ժամանակ՝ շփման հետևանքով առաջացող ցավոտությունը նվազագույնի հասցնելու նպատակով։

ՀԵՇՏՈՑԱՅԻՆ ԷՍՏՐԱԴԻՈԼ. օգտագործվում է հեշտոցային հյուսվածքը վերականգնելու և դրա հետագա կառուցվածքային փոփոխությունները կանխելու նպատակով: Կարելի է տեղադրել հեշտոցի ներսում հորմոնային օղակներ, հաբեր կամ պարկուճներ, կամ էլ հեշտոցի պատերին և սեռական շրթերին քսել էստրադիոլ պարունակող քսուկ։ Չնայած այդ դեղաձևերը տեղադրում են հեշտոցում կամ քսում սեռական շրթերին, դրանք հյուսվածքների բուժման համար նախատեսված էստրոգենի տեղային օգտագործման դեղամիջոցների շարքում են դասակարգվում։ Այդ դեղամիջոցները ձեռք բերելու համար դեղատոմս է անհրաժեշտ, քանի որ դրանց ակտիվ բաղադրիչը՝ հորմոն (էստրոգեն) է:

ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ. ցավոտ սեռական ակտի խնդիրը հաղթահարելու համար կան ևս երկու դեղամիջոցներ՝ Osphena և Intrarosa, որոնց ձեռք բերման համար դեղատոմս է անհրաժեշտ: Եթե ​​դրանք էլ ձեզ չեն օգնում, խորհրդակցեք ձեր բժշկի հետ այլ տարբերակների մասին:

Ռեսուրսներ

2020 Position Statement on the Genitourinary Syndrome of Menopause, The North American Menopause Society (NAMs)

Vaginal Health Video, by The North American Menopause Society (NAMs)

«Դաշտանադադարի անցումային շրջանը բավականին դժվար էր ինձ համար։ Շատ մարտահրավերներ եմ ունեցել և դեռ շարունակում եմ հաղթահարել դրանք՝ հատկապես, հեշտոցային փոփոխությունների հետ կապված: Միշտ շատ գրավիչ և սեռական հարաբերություններից հաճույք ստացող կնոջ համար մեծ կորուստ է, երբ այդ ամենը հանկարծ փոխվում է։ Հիմա ինձ համար շատ դժվար է պատկերացնել, որ կարելի է հաճույք ստանալ սեռական հարաբերության ժամանակ, քանի որ այն ցավոտ է դարձել, անգամ հեշտոցային քսուկների օգտագործման ժամանակ: Իրավիճակից դուրս գալու համար մնում է ստեղծագործել և վիբրատոր գնել»:

– ՋՄ, 57 տարեկան

Ցանկացած նոր ախտանիշի դեպքում դիմեք ձեր բժշկին, քանի որ այն որևէ լուրջ խնդրի նշան կարող է լինել:
[/vc_row]

REFERENCES

1. Vale F, Rezende C, Raciclan A, Bretas T, Geber S. Efficacy and safety of a non-hormonal intravaginal moisturizer for the treatment of vaginal dryness in postmenopausal women with sexual dysfunction. Eur J Obstet Gynecol Reprod Biol. 2019 Mar;234:92-95. doi: 10.1016/j.ejogrb.2018.12.040. Epub 2019 Jan 11.

2. Portman DJ, Gass ML; Vulvovaginal Atrophy Terminology Consensus Conference Panel, Menopause. 2014 Oct;21(10):1063-8)