Scroll Top

Սեռական հակման նվազում

40-49 տարեկան կանայք հաճախ են նշում, որ իրենց մոտ պակասել է սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը։ Դա կարող է կապված լինել ինչպես հորմոնային փոփոխությունների, այնպես էլ մի շարք այլ գործոնների հետ:
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Ի՞նչ է սեռական հակման նվազումը։

Սեռական հակման նվազում ախտանիշը՝ սեռական հարաբերություն ունենալու ցանկության պակասն է, կամ դրա բացակայությունը: Անցումային շրջանում դա շատերի մոտ է լինում, ուստի մի ընկճվեք, եթե ձեզ հետ նման բան է պատահել։ «Միջին և ավելի բարձր տարիքի կանանց սեռական ֆունկցիան» վերնագրով 2018թ.-ի դեկտեմբերին լույս տեսած մի հոդվածում նշված է, որ այդ տարիքի կանանց 45%-ի մոտ սեռականության հետ կապված խնդիրներ են առաջանում, իսկ 15%-ի մոտ դրանք քրոնիկ սթրեսի և բավականին ծանր անձնական ապրումների պատճառ են դառնում (1):

Հորմոնային հավանական պատճառներ

Մեր հետազոտության ընթացքում հայտնաբերեցինք, որ անցումային շրջանում էստրոգեն և տեստոստերոն հորմոնների փոփոխոխությունները կարող են սեռական հակման նվազելու պատճառ հանդիսանալ։ Դաշտանադադարին նախորդող ամիսներին, երբ իջնում է էստրոգենի մակարդակը, կանանցից շատերի մոտ հեշտոցի չորություն է առաջանում, ինչն իր հերթին ցավոտ և անցանկալի է դարձնում սեռական հարաբերությունը:

Սեռական հակման նվազելու երկրորդ պատճառը՝ ձվարաններում արտադրվող տեստոստերոնի անկումն է, որը սկսվում է դաշտանադադարից հետո, երբ կնոջ ձվարանները այլևս չեն կատարում իրենց նախկին գործառույթները։ (այո, կանանց օրգանիզմում նույնպես տեստոստերոն հորմոն է արտադրվում, սակայն, տղամարդկանց համեմատ, շատ ավելի քիչ քանակությամբ)։

Վերջին տարիներին, սեռական բարեկեցության ասպարեզում ավելի շատ հետազոտություններ են սկսել իրականացնել ուղեղ-վարքագիծ կապի պարզաբանման ուղղությամբ: Էմիլի Նագոսկին իր Արի, ինչպես որ կաս գրքում անդրադառնում է մի շատ կարևոր, բայց քիչ հայտնի գործոնի՝ «գրգռվածության անհամապատասխանության» հարցին (այդ արտահայտության բացատրությունը հեղինակը հրապարակել է Մէդիում բաց սոցիալական հարթակում

Նագոսկին չի ընդունում տարածված այն վարկածը, որի համաձայն հորմոնալ փոփոխությունները և միամուսնությունը (մոնոգամիա)՝ սեռական ցանկության նվազելու հիմնական պատճառներն են: Փոխարենը, նա կարծում է, որ սեռական ցանկությունը կարող է փոխվել, եթե փոխվի դրա համատեքստը (բովանդակությունը, հանգամանքներն ու պայմանները)։

Նա նաև բավականին հաջող կերպով բացատրել է Էսթեր Պերելի և Ջոն Գոթմանի երկու տարբեր տեսությունները՝ սեռական ցանկության բարելավման նպատակով համատեքստի փոփոխության մասին (աղբյուրները ներկայացված են այս էջի մոխրագույն վանդակում):

Հաղթահարման ուղիներ

Նախ հիշեք, որ ձեր սեռական ցանկությունների դրսևորման հարցում չափազանց մեծ դեր են խաղում ձեր մտքերը։ Փորձեք պարզել, թե ի՞նչն է ձեզ հաճելի տրամադրություն հաղորդում։ Կա՞ն արդյոք գրքեր կամ պատմություններ, որոնք ձեզ մոտ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն են առաջացնում: (Մենք մի ընկերուհի ունենք, ով երդվում է, որ իր մոտ սեռական ցանկություն է առաջանում, երբ դիտում է Outlander հեռուստասերիալը)։ Tumblr սոցիալական հարթակի կայքում կան և գեղարվեստական և հաճույք պատճառող պատկերներ և վիդեոներ, որոնք կօգնեն ձեզ պատկերացում կազմել, թե ինչ տիպի միջավայր է ձեզ դուր գալիս մտերմիկ հարաբերությունների համար։ Դրանք նայելուց հետո ժամանակ հատկացրեք ձեր երևակայությունների համար: Եթե ունեք զուգընկեր, աշխատեք նրա հետ լինել անկեղծ: Դա կարող է դժվար թվալ, նույնիսկ անհարմար, բայց փորձեք ասել այն, ինչի կարիքն ունեք և արտահայտեք այն, ինչ ուզում եք: Ձեզանից համարձակություն կպահանջվի, բայց եթե փորձեք՝ ավելի մտերմիկ հարաբերություններ կունենաք:

Ձեռնաշարժություն (անվանում են նաև՝ մաստուրբացիա)․ բազմաթիվ աղբյուրներից մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ այն մասին, որ ձեռնաշարժությունը՝ օգտակար է առողջության համար։ Սկսենք նրանից, որ ձեռնաշարժության ժամանակ մարմնում ավելանում է Էնդորֆինների արտադրությունը, ինչն էլ իր հերթին ապահովում է արյան հոսքը անոթներում։ Բացի այդ, ձեռնաշարժությունը՝ հեշտոցային հյուսվածքները առողջ պահպանելու հնարավորություն է տալիս:

Ռեսուրսներ

Ester Perel: The Erotic is an Antidote to Death (OnBeing)

Come as You Are, by Emily Nagoski, 2015

Mating in Captivity, by Ester Perel, 2007

The Seven Principles for Making Marriage Work, by John Gottman, MD, 2015

Blog Post on Low Sex Drive, by Mary James, Women’s Health Network

“When the Cause of a Sexless Relationship Is — Surprise! — the Man,” by Jen Gunter, MD

Ցանկացած նոր ախտանիշի դեպքում դիմեք ձեր բժշկին, քանի որ այն որևէ լուրջ խնդրի նշան կարող է լինել:

REFERENCES

1. Holly N. Thomas, MD, MSa,*, Genevieve S. Neal-Perry, MD, PhDb, Rachel Hess, MD, MSc. Female Sexual Function at Midlife and Beyond. Obstet Gynecol Clin North Am. 2018 Dec;45(4):709-722. doi: 10.1016/j.ogc.2018.07.013. Epub 2018 Oct 25.