Scroll Top

Ցավոտ կրծքագեղձեր, գլխացավեր և որովայնային կծկումներ

Միգրենը կամ գլխացավերի այլ տեսակները, ինչպես նաև կրծքագեղձերի
ցավերը կամ որովայնի կծկումները (սպազմ) կարող են ավելի արտահայտվել
էստրոգենի մակարդակի բարձրացման կամ տատանումների հետևանքով։
Որոշ կանանց մոտ այդ ախտանշանները ի հայտ են գալիս
դաշտանադադարի ամենավաղ անցումային շրջանում:
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Ի՞նչ ախտանիշներ են միգրեն տեսակի գլխացավերը, ցավոտ կրծքագեղձերը և որովայնի կծկումները։

Թվում է, որ այս երեք ախտանիշների սահմանումները ակնհայտ են դառնում իրենց անվանումներից։ Սակայն, ցավոտ կրծքագեղձեր ախտանիշը իր մեջ կարող է ներառել նաև այտուցված, նորմայից ավելի մեծացած, խորդուբորդ մակերեսով կրծքեր, որոնք ցավոտ են դիպչելիս: Իսկ գլխացավեր ախտանիշը կարող է իր բնույթով նման լինել և լարվածության, և միգրենի:

Հետազոտողներն այն կարծիքին են, որ այն կանայք, ովքեր նախկինում միգրեն են ունեցել, ամենայն հավանականությամբ, անցումային փուլում ավելի սաստիկ գլխացավեր կունենան (1,2): Պարզվել է, որ կանանց մոտ 40%-ը կյանքի վերարտադրողական փուլի ավարտին միգրեն են ունեցել (3)։

Երբ հորմոնային համակարգում փոխոխություններ են սկսվում, կարող են նորից ի հայտ գալ դեռահասության շրջանին բնորոշ և հասունացումից հետո երկար տարիներով անհետացած որովայնի կծկումները։

Հորմոնային հավանական պատճառներ

Մենք խմբավորեցինք գլխացավեր, ցավոտ կրծքագեղձեր և որովայնի կծկումներ ախտանիշները, քանի որ երեքն էլ սովորաբար ի հայտ են գալիս շուրջդաշտանադադարի վաղ շրջանում, որին բնորոշ է էստրոգենի բարձր մակարդակ։ Սակայն, պետք է նշել, որ անցումային փուլի ընթացքում էստրոգենի մակարդակը կարող է բարձրանալ ցանկացած ժամանակ:

 

ՑԱՎՈՏ ԿՐԾՔԱԳԵՂՁԵՐ

Հետազոտություններից մեկին մասնակցել է 24 կին, որոնց միջին տարիքը՝ 47 էր։ Ուսումնասիրվել են նրանց շուրջդաշտանադադարի շրջանի ամենօրյա օրագրերը, որտեղ կանայք նշել են իրենց ախտանիշները։ Պարզվել է, որ կրծքագեղձերը զգայուն և ցավոտ են դառնում նախադաշտանային օրերին (4): Էստրոգենը խթանում է կրծքագեղձի բջիջների աճը, հետևաբար, այդ հորմոնի մակարդակի բարձրացման հետևանքով, որոշ կանանց կուրծքը չափսերով մեծանում է, դառնում է զգայուն և ցավոտ: Ամենօրյա օրագրերի գրառումներից ստացված կլինիկական ապացույցները վկայում են այն մասին, որ եթե էստրոգենի մակարդակը չի գերազանցում դաշտանային ցիկլի կեսին իր սովորական գագաթնակետային արժեքը, ապա կրծքագեղձերի զգայունություն և ցավոտություն չի առաջանում (5)։

Կա նաև լավ նորություն․դաշտանադադարի անցումային փուլում, երբ դաշտանները սկսում են բացակայել, կանանց կրծքագեղձերի զգայունությունը միտում ունի նվազելու և վիճակը բարելավվում է (6)։

 

ՈՐՈՎԱՅՆԻ ԿԾԿՈՒՄՆԵՐ

Երբ էստրոգենի մակարդակը բարձր է, իսկ պրոգեստերոնինը ցածր, մարմնում արտադրվում են պրոստագլանդիններ կոչվող կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք որովայնի կծկումներ են առաջացնում: Նմանատիպ հորմոնային փոխհարաբերությունները շատ անգամ տեղի են ունենում դաշտանային ցիկլերի կայունացման շրջանում դեռահասների մոտ, որոնք նույնպես դաշտանի օրերին սուր կծկումներ են ունենում:

 

ՄԻԳՐԵՆ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԳԼԽԱՑԱՎԵՐ

Էստրոգեն հորմոնի գրգռող և աճը խթանող հատկությունները կարող են դաշտանադադարի անցումային շրջանում գլխացավերի պատճառ հանդիսանալ։ Միգրեն ունեցող մարդիկ չափազանց զգայուն են ցանկացած հորմոնային փոփոխությունների նկատմամբ, ուստի տատանվող հորմոնների այս փուլը կարող է դժվար ժամանակաշրջան հանդիսանալ միգրենի նոպաներ ունենալու հակում ունեցող կանանց համար (7)։ Եվս մեկ լավ նորություն. դաշտանադադարից հետո միգրեն ունեցող կանանց մեծամասնության վիճակը կբարելավվի (4)։

Առաջարկվող միջոցներ

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ-ները), ինչպիսիք են Advil-ը կամ Motrin-ը, օգնում են որոշ չափով նվազեցնել որովայնի կծկումները և կրծքագեղձերի ցավերը: Ինչպես նշված է առատ դաշտան էջում, արյունահոսությունը նվազեցնելու ՈՍՀԲԴ-ների ազդեցությունը պայմանավորված է պրոստագլանդինների ընկճումով։ Պարզվել է, որ այդ նույն գործընթացների շնորհիվ ՈՍՀԲԴ-ները կարող են որոշ կանանց մոտ նվազեցնել գլխացավերը։ Սակայն, հաճախ անհրաժեշտ է լինում միգրենի կանխարգելման և ախտանիշների նվազեցման համար հատուկ դեղամիջոցներ օգտագործել: Եթե նախկինում միգրեն եք ունեցել, ապա, ամենայն հավանականությամբ, տանը կունենաք միգրենի ժամանակ առաջին օգնության որևէ դեղորայք: Իսկ եթե առաջին անգամ եք սուր գլխացավեր ունեցել, ապա բուժման տարբերակների ընտրության համար խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

ՀՈՐՄՈՆԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ (ՀԹ)․այն հաճախ է օգտագործվում անցումային փուլի վերջում և դաշտանադադարին հաջորդող առաջին տարիներին՝ վազոմոտոր ախտանիշները թեթևացնելու համար։ Եթե միգրենի կանխարգելման համար ՀԹ է օգտագործվում, ապա բուժումը պետք է շարունակական լինի՝ էստրոգենի կտրուկ նվազումը և դրա արդյունքում առաջացող միգրենի նոպաները կանխելու համար: Նախընտրելի է խմելու համար նախատեսված դեղամիջոցների փոխարեն օգտագործել մաշկի միջոցով ազդող էստրադիոլ պարունակող կպչուն ժապավեններ և գելեր, քանի որ դրանցով հնարավոր է հեշտությամբ ապահովել հորմոնի կայուն մակարդակը արյան մեջ և խուսափել միգրենի պատճառ հանդիսացող փոփոխություններից (8):

 

Փորձեք այս միջոցը, որ պարզեք՝ բա՞րձր է արդյոք ձեր էստրոգենի մակարդակը։

Ինքնազննման եղանակով էստրոգենի մակարդակը որոշելու մի միջոցի մասին մեզ հետ կիսվեց Դոկտոր Ջերիլին Պրայորը CeMCOR-ից։ Նա ասաց՝ «բացեք ձեր ձեռքը այնպես, որ ափը հարթ լինի, այնուհետև սեղմեք ձեռքի բաց ափը ձեր կրծքին, որից հետո, օգտագործելով նույն ճնշումը, սեղմեք ձեր ազդրին: Եթե կուրծքը ավելի գզայուն է ազդրի համեմատ, ապա, ամենայն հավանականությամբ, ձեր էստրոգենի մակարդակը բարձր է»:

Ցանկացած նոր ախտանիշի դեպքում դիմեք ձեր բժշկին, քանի որ այն որևէ լուրջ խնդրի նշան կարող է լինել:

REFERENCES

1. Allais G, Chiarle G, Bergandi F, Benedetto C. Migraine in perimenopausal women. Neurol Sci. 2015 May; 36 Suppl 1:79-83. doi: 10.1007/s10072-015-2155-8.

2. Martin VT, Pavlovic J, Fanning KM, Buse DC, Reed ML, Lipton RB. Perimenopause and Menopause Are Associated With High Frequency Headache in Women With Migraine: Results of the American Migraine Prevalence and Prevention Study. Headache. 2016 Feb; 56(2):292-305. doi: 10.1111/head.12763. Epub 2016 Jan 21.

3. Hale GE, Hitchcock CL, Williams LA, Vigna YM, Prior JC. Cyclicity of breast tenderness and night-time vasomotor symptoms in mid-life women: information collected using the Daily Perimenopause Diary. Climacteric. 2003 Jun; 6(2):128-39.

4. Faubion SS, Batur P, Calhoun AH. Migraine Throughout the Female Reproductive Life Cycle. Mayo Clin Proc. 2018 May;93(5):639-645. doi: 10.1016/j.mayocp.2017.11.027.

5. Prior, JC. “Progesterone for Symptomatic Perimenopause Treatment – Progesterone politics, physiology and potential for perimenopause,” , Facts, Views and Vision in ObGyn, 2011, volume 3, number 2, pages 109–120.

6. Dennerstein L, Dudley EC, Hopper JL, Guthrie JR, Burger HG. A prospective population-based study of menopausal symptoms. Obstet Gynecol. 2000 Sep;96(3):351-8.

7. Ibrahimi K,Couturier EG,MaassenVanDenBrink A. Migraine and perimenopause. Maturitas.2014 Aug;78(4):277-80. doi: 10.1016/j.maturitas.2014.05.018. Epub 2014 Jun 2.

8. MacGregor EA. Perimenopausal migraine in women with vasomotor symptoms. Maturitas. 2012 Jan;71(1):79-82. doi: 10.1016/j.maturitas.2011.11.001. Epub 2011 Nov 23.