Scroll Top

Դաշտանային ցիկլ

Դաշտանային ցիկլի մասին հիշեցումը կօգնի հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում հորմոնային համակարգում դաշտանադադարի անցումային շրջանում և ինչպես են դրանք անդրադառնում ձեր ինքնազգացողության վրա:
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Նայեք ստորև ներկայացված գծապատկերին և ուշադրություն դարձրեք, թե որ օրերին է հորմոնների մակարդակը ցածր, որ օրերին է բարձ և փոփոխությունները երբ են տեղի ունենում:

Ինչպիսի՞ն է ձեր ինքնազգացողությունը ցիկլի տարբեր փուլերում: Դա ավելի հեշտ կարող եք պարզել, եթե ​​​​հետևեք ձեր ցիկլի ընթացքին:

Ցածր մակարդակներ՝ դաշտանային ցիկլի սկզբում և վերջում:

Փոփոխվող մակարդակներ՝ ուշադրություն դարձրեք այն օրերին, երբ գծապատկերի վրայի գծերի թեքվածությունը առավել կտրուկ է:

Կանանցից շատերի մոտ ախտանիշներն ակնհայտ են դառնում հենց այդ փոփոխությունների ժամանակ:

Տիպիկ դաշտանային ցիկլ

Դաշտանային ցիկլը սովորաբար ներառում է երեք փուլ․

ՖՈԼԻԿՈՒԼՅԱՐ ՓՈՒԼ
  • Դաշտանային հոսք/արյունահոսություն (տևում է 1-7 օր)․
  • Էստրոգենի և պրոգեստերոնի ցածր մակարդակը նախորդ դաշտանային ցիկլի ավարտին նպաստում է նոր ցիկլում Ֆոլիկուլխթանիչ հորմոնի (ՖԽՀ) աճին․
  • ՖԽՀ-ի ազդեցությամբ ձվարաններում սկսում են աճել և զարգանալ ֆոլիկուլներ, որոնցից մեկում հասունանում է ձվաբջիջը, շրջապատված ֆոլիկուլյար խոռոչի ներքին լորձաթաղանթի բջիջներով: Յուրաքանչյուր ցիկլի ընթացքում ձվարաններում միջին հաշվով 3-30 ֆոլիկուլներ են հասունանում․
  • Զարգացող ֆոլիկուլներում արտադրվում է էստրոգեն հորմոնը, որի ավելացման արդյունքում «էստրոգենի ալիք» է առաջանում․
  • Էստրոգեն հորմոնը նպաստում է արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիումի) աճին։
ՁՎԱԶԱՏՄԱՆ ՓՈՒԼ
  • էստրոգենի «ալիքը» հանգեցնում է լյուտեինացնող հորմոնի (ԼՀ) քանակի բարձրացմանը, հասցնելով այն գագաթնակետին, ինչը նպաստում է ֆոլիկուլի պատի պատռմանը և հասուն ձվաբջջի դուրս բերմանը (ձվազատմանը)
  • Սովորաբար ձվարանում միայն մեկ ֆոլիկուլ է մեծանում, փքվում և պատռվում։ Այն անվանում են «դոմինանտ» (գերիշխող) ֆոլիկուլ
  • Մնացած ֆոլիկուլները ենթարկվում են հետզարգացման և ոչնչանում։ Այդ գործընթացը կոչվում է «ատրեզիա»
  • Ձվարանում, այն նույն տեղում, որտեղից ֆոլիկուլն էր երևում մինչև պատռվելը, փոփոխության ենթարկված բջիջներից ձևավորվում է այսպես կոչված «դեղին մարմինը»
  • «Դեղին մարմինը» պրոգեստերոն է սկսում արտադրել, ինչպես նաև ցիկլի երկրորդ կեսի համար անհրաժեշտ էստրոգեն հորմոնը։
ԼՅՈՒՏԵԻՆԱՅԻՆ ՓՈՒԼ
  • Պրոգեստերոնը հասունացնում է էնդոմետրիումը, նախապատրաստելով այն բեղմնավորված ձվաբջջի ներդրմանը
  • Եթե ոչ մի ձվաբջիջ չի բեղմնավորվում, պրոգեստերոնի մակարդակը կտրուկ նվազում է, իսկ էնդոմետրիումի ծածկույթը դուրս է գալիս դաշտանի ժամանակ
  • Սկսվում է հաջորդ ցիկլը։

Ծանոթագրություն. Վերը նշված գծապատկերում մենք տեղադրել ենք Y առանցքի վրա էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակները նույն սանդղակով, այնպես, ինչպես դա արվում է բազմաթիվ աղբյուրներում: Իսկ իրականում, ցիկլի ընթացքում էստրոգեն հորմոնը իր սկզբնական (1-ին օրվա) մակարդակից բարձրանում է 220 տոկոսով, մինչդեռ պրոգեստերոնը ավելանում է 1,400 տոկոսով: Մի զարմացեք, սա վրիպակ չէ, պարզապես օգտագործվել են տարբեր միավորներ։ Էստրոգենի մակարդակը սովորաբար չափվում է պիկոգրամ/միլիլիտր միավորով, իսկ պրոգեստերոնինը՝ նանոգրամ/միլիլիտրով (1պիկոգրամ=0,001 նանոգրամ):