Scroll Top

Հիշողության «մշուշ»

Կանանցից շատերը 40-60 տարեկանում ունենում են հիշողության խանգարումներ: Տարբեր հետազոտություններ վկայում են, որ դա բավականի տարածված երևույթ է, սակայն պատճառը դեռ լիովին բացահայտված չէ:
«Կանայք ավելի լավ են ապրում» հայերեն լեզվով կայքը վերջին անգամ թարմացվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Հնարավոր է, որ անգլերենով լինեն ավելի նոր թարմացումներ, որոնք կարող եք գտնել այստեղ։

Ի՞նչ է հիշողության «մշուշը»։

Հիշողության հետ կապված խնդիրների ուսումնասիրության ժամանակ մենք հանդիպեցինք տարբեր անվանումների, այդ թվում՝ ուղեղի կամ հիշողության մշուշ, մոռացկոտություն, մշուշոտություն, կոգնիտիվ խնդիրներ կամ ճանաչողության խնդիրներ։ Մենք նախընտրեցինք օգտագործել հիշողության «մշուշ» սահմանումը, որում ներառեցինք՝ անուններ կամ անվանումներ մոռանալը, առանց գրի առնելու ինչ-որ բանի մասին հիշելու ունակության պակասը, ընդհանուր զգացողությունը, որ նախկինի պես արագ չեք ըմբռնում, ինչպես նաև այլ նմանատիպ երևույթները։

INTERVIEWS WITH EXPERTS
Video: Brain fog

Սակավաթիվ երկայնական հետազոտություններից մեկի ժամանակ ուսումնասիրվել են 35 տարեկան կանանց գանգատները։ Պարզվել է, որ դաշտանադադարի անցումային շրջանում կանանց մեծամասնությունը գանգատվում է մոռացկոտությունից և կենտրոնանալու դժվարությունից (1):

Կանանց դաշտանադադարային անցումը հեշտացնելու ամենաօգտակար միջոցը՝ նրանց բացատրելն է, որ այն, ինչ իրենց հետ կատարվում է, դա բնականոն երևույթ է: Անհրաժեշտ է իրազեկել, որ կնոջ գլխուղեղը զգայուն է էստրոգեն հորմոնի տատանումների նկատմամբ և արձագանքում է դրանց կոգնիտիվ ունակությունների թուլացմամբ և տրամադրության փոփոխություններով, –

— Dr. Pauline Maki, The Brain Fog of Menopause, NY Times, DECEMBER 2018

Հորմոնային հավանական պատճառներ

WLB-ի խորհրդական դոկտոր Մարսի Ռիչարդսոնը, իր հետ անցկացրած հարցազրույցի ժամանակ նշել է հետևյալը․«Ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ հիշողության խանգարումները պայմանավորված են հորմոնային փոփոխություններով, թեև բազմաթիվ հետազոտությունների ժամանակ հստակ ապացույցներ չեն հայտնաբերվել։ Չէ՛ որ մենք գիտենք, որ գլխուղեղում կան էստրոգեն հորմոնի ռեցեպտորներ»:

Նա նաև հավելել է, որ «կան շատ հստակ գիտական ապացույցներ, որ քունը ազդում է մարդու կոգնիտիվ գործառույթի վրա։ Այնպես որ, եթե ձեր քունը խանգարվել է, կարող եք նաև կոգնիտիվ խնդիրներ ունենալ»:

Ի դեպ, 2018թ.-ի դեկտեմբերին Ջեյն Բռոդին «Նյու Յորք Թայմս»-ում լույս տեսած իր հոդվածում մեջբերեց 2010թ.-ին անցկացված մի ուսումնասիրություն, որը 6 տարի շարունակ հետևել է շուրջդաշտանադադարի շրջանում գտնվող կանանց և եկել է այն եզրահանգման, որ դաշտանադադարից անմիջապես առաջ ի հայտ եկած դեպրեսիան, անհանգստությունը, քնի խանգարումները և վազոմոտոր ախտանիշները՝ կոգնիտիվ ֆունկցիայի անկման պատճառ չեն հանդիսանում։

Առաջարկվող միջոցներ

Կանանցից շատերին անհանգստացնում է այն միտքը, որ հիշողության խանգարումները՝ տկարամտության (դեմենցիայի) նշան են։ Կարևոր է հիշել, որ համաձայն մինչ օրս իրականացված երկայնական հետազոտությունների, նման կապ չի հայտնաբերվել, իսկ դաշտանադադարի անցումային շրջանի սկզբում առաջացած այդ ախտանիշը հետագայում վերանում է: Թեև հիշողությունը վերականգնելու համար ոչ մի դեղամիջոց չի գրանցվել, հայտնի են իրավիճակի հաղթահարման ուղիները։ Ընդունելով ի գիտություն, որ այդ ախտանիշը ժամանակավոր բնույթի է, պետք է կիրառել տարբեր մեթոդներ երևույթները հիշելու համար, օրինակ՝ ինքնահիշեցումներ գրառումների կամ զարթուցիչների օգնությամբ։ Մի անհանգստացեք, եթե չեք կարողանում անմիջապես մտաբերել որևէ անուն կամ անվանում, քանի որ ի վերջո կհիշեք այն։ Սովորաբար հիշողությունը վերադառնում է այն ժամանակ, երբ դրա մասին այլևս չեք մտահոգվում և սթրեսից դուրս եք գալիս: Հիշեք նաև, որ խանգարված քունը, որը նույնպես առաջանում է հորմոնային փոփոխությունների հետևանքով, շատ կանանց համար կարող է հիշողության խանգարումների պատճառ դառնալ:

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ

Ստորև բերված են մեջբերումներ ճանաչողության հետ կապված վերջերս իրականացված հետազոտությունից, որի եզրակացությունները, ինչպես կտեսնեք, վիճարկելի են։

Seattle Midlife Women’s Study-ի եզրակացություններ.

  • «Հիշողության խնդիրները շատ անգամ կապված են կանանց առողջության ցածր վարկանիշների և ընկճված տրամադրության հետ: Ներկայում և անցյալում տեղի ունեցած իրադարձություններ հիշելու դժվարություններն ուղղակիորեն կապված են սթրեսի ավելի բարձր մակարդակի հետ, որը կանայք վերագրում են ընտանիքում և հասարակության մեջ իրենց բազմաթիվ դերերի և պարտականությունների կատարման ծանր բեռին» (1):
  • Դաշտանադադարի վաղ և միջին փուլում գտնվող կանայք, ինչպես նաև այն կանայք, որոնք հորմոններ են ընդունում, հիշողության հետ կապված ավելի շատ խնդիրներ են ունենում՝ անցումային շրջանի վերջին փուլում գտնվող կանանց համեմատ (1):
  • Կանանց շուրջ 72%-ը նշում է, որ ժամանակ առ ժամանակ ունենում է անունները հիշելու խնդիրներ: Մոտ 50%-ը դժվարանում է հիշել նոր հեռախոսահամարները, մոռանում է պատասխանել նամակներին, չի հիշում, թե որտեղ է ինչ-որ իրեր դրել, թե ինչ են իրեն պատմել ուրիշները կամ հակառակը, կամ էլ ինչ էր անում տվյալ պահին։ Այնուամենայնիվ, այս իրադարձություններից ոչ մեկը չի դիտարկվում որպես լուրջ խնդիր (1):

2009 թ.-ին իրականացված մեկ այլ հետազոտություն, հիմնվելով կանանց հիշողության ինքնագնահատման տվյալների վրա, եզրահանգել է, որ անցումային շրջանում նկատվում է ճանաչողական կարողությունների անկում՝ կանայք այլևս ի վիճակի չեն լինում հեշտությամբ նոր բան սովորել, ինչպես կարողացել են դա անել նախկինում: Դաշտանադադարից հետո վիճակը բարելավվում է, վերադառնալով նախկին մակարդակի։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ անցումային շրջանի ճանաչողական դժվարությունները կարող են ժամանակավոր լինել (2):

Վերջերս իրականացրած մետավերլուծությունը նպատակ ուներ պարզաբանել դաշտանադադարի փուլի, նյարդահոգեբանական գործունեության և դեպրեսիայի միջև հնարավոր կապերը: Այնուամենայնիվ, այն եզրակացրեց, որ չնայած դաշտանադադարի անցումային շրջանում մեծանում է խոցելիությունը ճանաչողական անկումների նկատմամբ, ինչպես նաև դեպրեսիվ ախտանիշների ու խանգարումների վտանգը, այս հետազոտության արդյունքները թույլ չեն տալիս այն ընդհանրացնել բոլոր կանանց նկատմամբ (3):

Չնայած հուսադրող է, որ ուսումնասիրությունների ընթացքում ճանաչողական փաստագրելի անկում չի հայտնաբերվել, այս հետազոտության մեթոդաբանությունը թույլ կողմեր ունի։ Ճանաչողական ունակությունը չի չափագրվել փորձագիտական միջավայրում, չեն ապահովվել մեկ կենտրոնացմամբ և առանց ընդհատումների թեստ լրացնելու պայմանները: Հետազոտությունը ճշգրիտ չի արտացոլում հարցման տվյալները կանանց կյանքի իրական պայմանների և մոռացության տեսակների վերաբերյալ:

Չորրորդ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դաշտանադադարի անցումային շրջանում ճանաչողական կարողությունները գծային փոփոխության չեն ենթարկվում: Վերջին դաշտանից մեկ տարի անց ավելի ակնհայտ են դառնում ուշադրության և աշխատանքային հիշողության անկումը, բանավոր ուսուցման և բանավոր հիշողության ունակությունները, ինչպես նաև նուրբ շարժումների արագությունը (4):

Ռեսուրսներ

A Surgeon’s Brain in Menopause – Dr. Leslee Jaeger (a personal account)

A Personal Story about Name Recall – from a WLB site visitor

Ցանկացած նոր ախտանիշի դեպքում դիմեք ձեր բժշկին, քանի որ այն որևէ լուրջ խնդրի նշան կարող է լինել:

REFERENCES

1. Woods NF, Mitchell ES, Adams C. Memory functioning among midlife women: Observations from the Seattle Midlife Women’s Health Study. Menopause. 2000;7:257–265.

2. Greendale GA, Huang M-H, Wight RG, RG, et al. Effects of the menopause transition and hormone use on cognitive performance in midlife women. Neurology. 2009; 72:1850–1857.

3. Weber MT, Maki PM, McDermott MP. Cognition and mood in perimenopause: a systematic review and meta-analysis. J Steroid Biochem Mol Biol. 2014 Jul; 142:90-8. doi: 10.1016/j.jsbmb.2013.06.001. Epub 2013 Jun 14.

4.Weber MT, Rubin LH, Maki PM. Cognition in perimenopause: the effect of transition stage. Menopause. 2013 May; 20(5):511-7. doi: 10.1097/GME.0b013e31827655e5.